Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2015թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև:
Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 28 ուսանող և 16 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգևին արժանացել են 366 ուսանող և աշակերտ:
Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2015թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել հաջողություններ:
Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաև «Մայքրոսոֆթ» ընկերության փոխնախագահ, մեր հայրենակից Վահե Թորոսյանը, ով ևս շնորհավորել և հաջողություններ է մաղթել մրցանակակիրներին: